BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Եվրամիության Սպիտակ գիրքը

Եվրամիության Սպիտակ գիրքը
03.03.2017 | 00:52

Եվրահանձնաժողովը մշակել է փաստաթուղթ, որն ընդգրկում է Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրամիության ապագայի զարգացման հինգ սցենար՝ Die Welt-ում գրում է Անդրե Տաուբերը: Սցենարները, որ միավորված են Սպիտակ գրքում, ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: «Բրեկզիտը՝ չնայած իր տխուր և ցավոտ հետևանքներին, չի կարող կասեցնել Եվրամիությանը իր ապագայի ճանապարհին»՝ հայտարարեց նա: 26 էջ ունեցող փաստաթուղթը նախապատրաստվել է Հռոմում ԵՄ նախագահների և վարչապետների մարտի 25-ի հանդիպման համար, որտեղ կնշվի Հռոմի համաձայնագրի 60-ամյակը, որը հիմք դարձավ ներկա ձևաչափով ԵՄ-ի ստեղծման համար: Սեպտեմբերին Յունկերը պաշտոնապես պիտի հաղորդի՝ սցենարներից որն է անձամբ նախընտրում, տարեվերջին իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն ԵՄ պետությունների ղեկավարները:


Առաջին սցենարը կոչվում է «Քաղաքականության շարունակում»՝ այս դեպքում ԵՄ-ն կշարունակի այսօրվա քաղաքականությունը և հավանություն ստացած բարեփոխումները: Կշարունակվեն եվրոյի ամրապնդման աշխատանքները: ԵՄ-ն կփորձի առևտրային համաձայնագրեր կնքել այլ պետությունների հետ: Անհնար կլինի այն պետությունների ինտեգրումը, որտեղ քաղաքական դիմադրություն կա: Երկրորդ սցենարը կոչվում է «Ոչինչ, բացի միասնական շուկայից»: Եթե ԵՄ պետությունները չկարողանան պայմանավորվել մյուս քաղաքական հարցերով, ԵՄ-ն կկենտրոնանա ներքին շուկայի վրա: Մարդասիրական օգնությունը և երրորդ երկրներին օգնությունը կկրճատվի, կսահմանվի լրացուցիչ վերահսկողություն սահմաններին, ավելի քիչ առևտրական համաձայնագրեր կկնքվեն:
Երրորդ սցենարը՝ «Նրանք, ովքեր ուզում են ավելին անել, անում են»: Եթե ԵՄ ոչ բոլոր երկրներն են կարողանում նույն տեմպով, առանձին պետություններ կուժեղացնեն միմյանց հետ համագործակցությունը ԵՄ հովանու ներքո: Նրանք կարող են անցկացնել համատեղ ռազմական գործողություններ և համագործակցել գիտական ոլորտում:


Չորրորդ սցենարը՝ «Անել քիչ, բայց ավելի արդյունավետ»: Քանի որ բոլոր քաղաքական հարցերում պայմանավորվել հնարավոր չէ, եվրոպական երկրները ուշադրությունը կկենտրոնացնեն այն թեմաների վրա, որ տարաձայնություններ չեն հարուցում՝ առևտրային քաղաքականություն, սահմանների պաշտպանություն կամ միգրանտների ընդհանուր գերատեսչություն, ահաբեկչության դեմ պայքարի միասնական գործակալություն և այլն:
Հինգերորդ սցենարը՝ «Անել շատ ավելին միասին»: ԵՄ երկրները կարող են վիթխարի թռիչք գործել և առաջընթացի հասնել քաղաքական ամբողջ շարք հարցերում՝ առավել սերտ համագործակցություն հարկային քաղաքականության մեջ, 27 պետությունների համատեղ պաշտպանություն, նշանակալից չափով ավելի միջոցների հատկացում հարևան պետությունների՝ փախստականների խնդիրը լուծելու համար:

Անդրե ՏԱՈՒԲԵՐ, Die Welt


Հ.Գ. Ո՞ր սցենարը կընտրի Ժան Կլոդ Յունկերը՝ առաջի՞նը կամ հինգերո՞րդը: Փաստացի՝ մյուս սցենարների ընտրության դեպքում ԵՄ-ից մնում է համատեղ անցյալն ու անունը: ՈՒ քանի որ ընդամենը մի քանի օր առաջ Բրյուսելում հայտարարվեց, որ Հայաստանը ևս Եվրոպա է, բոլոր սցենարները կարող են վերաբերվել մեզ: Հռոմում ի՞նչ ընդունելություն կգտնի Սպիտակ գիրքը, թերևս 27 պետությունների նախագահներն ու վարչապետները կընդունեն ի գիտություն ու տարեվերջին կամ կկատարեն ԵՄ հոգեհանգիստը, կամ նոր էջ կգրեն ԵՄ պատմության մեջ: ՈՒ բոլորովին չի բացառվում տարբերակը, որ մեկ տասնամյակ հետո Մեծ Բրիտանիան որոշի ԵՄ վերադառնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

link"> «Թավշյա» հարաբերություններ